Sunday, January 11, 2015

Ուսումնասիրում ենք հայերենը

Միջին հայերեն, կոչվել է նաև կիլիկյան հայերեն, 10-17-րդ դարերի հայ գրականությամբ ավանդված լեզվական այն բազմազան տարրերի ամբողջությունը, որը հասկանալի էր տարբեր բարբառներով խոսող հայ ժողովրդի տարբեր հատվածներին։

Միջին հայերենի կազմավորումը

Միջին հայերենի կազմավորման գործընթացը զուգադիպում է արաբական տիրապետության վերացմանը, հայ պետականության վերականգնմանը և հայ ժողովրդի տնտեսական ու մշակութային կյանքի աշխուժացմանը։


Արաբական փոխառությունները հայերենում

Արաբական փոխառություններ, հայերենի` արաբերենից փոխառյալ բառերը:
Արաբերենի ազդեցությունը հայերենի վրա կատարվել է երկու փուլով. նախ Հայաստանում արաբների տիրապետության շրջանում` 7-9-րդ դարերում, այնուհետև 12-16-րդ դարերում` Կիլիկիայի հայկական թագավորության շրջանում: Արաբերենից անմիջական փոխառություններ են կատարել գրաբարը, միջին հայերենն ու հայերենի բարբառները[1][2]: Գրաբարում արձանագրված, միջին հայերենից ավանդված ու բարբառներից անցած արաբերեն ավելի քան 700 բառերից ժամանակակից հայերենում գործածվում են շատ քիչ` մոտ 60 բառ։ Դրանք հիմնականում մարդու գործունեությանը, կյանքի զանազան բնագավառներին, գիտությանը և արվեստին, առտնին հարաբերություններին, բժշկությանը, ռազմական գործին, պետական-վարչական կյանքին, երկրագործությանը, արհեստին ու տարբեր զբաղմունքներին վերաբերող բառեր, զանազան մետաղների, բույսերի, կենդանիների անուններ են։
Ժամանակակից հայերենում գործածվող արաբական փոխառություններն են` ազապ, ալքիմիա, աղարիկոն (սունկ), աճպարար (ձեռնածու), ամիրա, այպ (թերություն), աթլաս (կտորեղեն), ափիոն, բադրիջան, բալասան, բակլա, դահուճ (թռչուն), զանջաֆիլ, թաս, թնոպի (սնկի տեսակ), ժիպակ (սնդիկ), խանդակ, խիկար, խպիպ, խսիր, խումար, կապա, կապալ, կավատ, կլայեկ, կոլոտ, կողպել, կուրան, համպար, հաշիշ, հերիսա, հինա, հունապ, հուրի, ճիտ (վիզ), մահտեսի, մելիք, մզկիթ, մկրատ, մղլակ, մումիա, մունետիկ, նաղաշ, նաշ, նարինջ, նոպա, նունուֆար, շամամ, շիպ (պաղլեղ), պայտար, ռեհան, սադափ, սղկել, սնդուկ, սոնոպրի (ծառ), սուլթան, տնազ։

 Գրաբար, հայոց հին գրական լեզուն, գործածության մեջ է եղել 5-րդ դարից մինչև 19-րդ դարի կեսը՝ գործառույթի ոլորտների աստիճանական սահմանափակումով։ Համարվում է ժամանակակից արևմտահայերենի նախապապը։

Գրաբարի պատմությունը բաժանվում է երկու մեծ դարաշրջանների՝ հինհայերենյան և ետհինհայերենյան։ Հինհայերենյան դարաշրջանն սկսում է 5-րդ դարի սկզբից (գրերի գյուտից) մինչև 11-րդ դարը։ Երկրորդ դարաշրջանն ընդգրկում է 11-19 դդ
Առաջին դարաշրջանում գրաբարը հայ ժողովրդի ընդհանուր լեզուն էր, իր երկու տարբերակով (գրական ու խոսակցական) և բարբառային որոշ տարբերակային ձևերով։ Այս դարաշրջանի գրաբարը բաժանում են դասական կամ մեսրոպյան, հնում՝ «ոսկեդարյան» (գրերի գյուտից մինչև 5-րդ դարի կեսը), ետդասական կամ ետմեսրոպյան, հնում՝ «ետոսկեդարյան» (5-րդ դարի երկրորդ կեսից մինչև 8-րդ դարի կեսերը) և ետին կամ նախամիջին (8-10 դդ.) շրջանների։ Առաջին երկու շրջաններին բնորոշ է գրաբարի և խոսակցական լեզվի, որպես մեկ լեզվի գրական ու խոսակցական տարբերակների, միասնությունը։ Երկրորդ շրջանին բնորոշ է նաև գրական լեզվի մեջ գիտական լեզվի տարբերակի ձևավորումը և առանձնացումը, որ բնութագրվում է հունաբանությամբ։ Երրորդ շրջանի գրաբարը բնորոշվում է հունաբանության սահմանափակումով ու հաղթահարումով, ժողովրդական-խոսակցական լեզվի ավելի ու ավելի զգալի ներթափանցումներով արվեստականությամբ։
Երկրորդ դարաշրջանում գրաբարը, զրկված իր խոսակցական հիմքից, գործածվում է իբրև մեռած լեզու։ Նրա գործառության ոլորտները մերթ սեղմվում, մերթ ընդարձակվում են հասարակական-պատմական պայմանների ու մշակույթի զարգացման ընթացքի հետ։ 19-րդ դարի կեսից մինչև 20-րդ դարի սկիզբը գրաբարը գործածվում էր որոշ հայագիտական օջախներում, մինչդեռ կյանքի մյուս ոլորտներում լայնորեն գործածվում է աշխարհաբար գրական լեզուն իր երկու՝ արևելահայ և արևմտահայ տարբերակներով։ Մեր օրերում գրաբարը գործածվում է որպես եկեղեցական լեզու (աղոթք, սաղմոս, շարական և այլն), իսկ գործածվել է կաթողիկոսական գրություններում (կոնդակ, ուղերձ և այլն) մինչև 20-րդ դարի կեսը:

Տառերի արտասանություն

Գրաբարի այբուբենը գրեթե նույնն է, ինչ որ աշխարհաբարինը, միայն պետք է նկատի ունենալ, որ գրաբարի այբուբենում եղած ւ-ը (հյուն) որպես առանձին տառ աշխարհաբար-ի հայաստանյան վերափոխված արդի այբուբենից դուրս է հանված, իսկ այն շարունակվում է գործածվել Սփյուռքում (արևմտահայերենում և Իրանում, որտեղ նախախորհրդային արևելահայերեն ուղղագրության ավանդույթները շարունակվում են)։ Գրաբարի վաղ շրջանում չի եղել ֆ հնչյուն և տառ, այն այբուբենի մեջ է մտել միջնադարում. միջնադարում է մտել նաև օ տառը։ (Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն է՝ ա, բ, գ, դ, ե, զ, է, ը, թ, ժ, ի, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, ո, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, ւ, փ, ք)։
Գրաբարի ուղղագրությունն ու արտասանությունը լեզուն գրի առնվելու սկզբնական շրջանում՝ 5-րդ դարում, ճշտիվ համապատասխանել են միմյանց, այսինքն, ամեն մի հնչյուն գրվել է միայն մեկ տառով, և ամեն մի տառ ունեցել է միայն մեկ հնչյուն (արտասանություն)։ Հետագայում շատ բառերի մեջ այս կամ այն հնչյունը կամ հնչյունները պատմականորեն փոխվել են, բայց ուղղագրությունը մնացել է նույնը։
Յ տառը բառասկզբում արտասանվում է հ, որ պահպանվում է բարդության և ածանցման մեջ. օրինակ՝ յորդ-հորդ, յոգնակի-հոգնակի, յայտնի-հայտնի, անյայտ-անհայտ։ Բառավերջում յ-ն չի արտասանվում՝ ընծայ, տղայ, ձուլածոյ-ընծա, տղա, ձուլածո։ Բացառություն են կազմում մի քանի միավանկ բառեր, որոնց վերջում յ-ն արտասանվում է՝ հայ, նայ, վայ, խոյ, Նոյ։
Ւ (ւ) տառը բառավերջում, երկու ձայնավորների միջև և ւո կապակցության մեջ արտասանվում է վ։ Օրինակ՝ նաւ, թիւ, հիւանդ, որդւոց - նավ, թիվ, հիվանդ, որդվոց։
Ու տառը ձայնավորից առաջ արտասանվում է վ։ Օրինակ՝ նուազ-նվազ, լեզուի-լեզվի։ Բացառություն են կազմում ու լծորդությամբ բայերի անցյալ անկատար ձևերը, որոնց մեջ ու տառը հաջորդ ձայնավորից առաջ պահում է ձայնավոր ու հնչյունը։ Օրինակ՝ հեղուի, հեղուիր, հեղուարք արտասանվում է նույն կերպ կամ հեղույի, հեղույիր, հեղույաք։

Երկբարբառներ

Գրաբարն ունեցել է երկբարբառներ՝ այ, աւ, եա, եւ, իւ, ոյ, ու, ւո, սակայն ոչ այն արժեքով, ինչպես պատկերացվել է մասնագիտական գրականության մեջ:
Ձայնորդներից երկբարբառների կազմությանը մասնակցել են միայն յ և ւ հնչյունները:
Երկբարբառների պարզեցման միտումը նկատվել է եվրոպական մի շարք լեզուներում, ինչպես նաև գրաբարի ուշ շրջանում: Այդ իսկ պատճառով հայերենի երկբարբառները վերածվել են պարզ հնչյունների (աւձ-օձ, իւր-իր, ալեւր-ալյուր, լոյս-լույս, գրեաց-գրեց և այլն)



Հոլովում

  
Գրաբարում հոլովվում են գոյականը, ածականը, դերանունը, թվականը, ինչպես նաև մի քանի դերբայներ։
Գրաբարն ունի վեց հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական։

Անվանական հոլովում

Գրաբարում անունները հոլովվելիս ստանում են զանազան մասնիկներ՝ հոլովիչներ։ Գրաբարի հոլովիչները հինգն են՝ Ա, Ե, Ի, Ո, ՈՒ։ Հոլովիչներից բացի՝ հոլովների ձևավորմանը մասնակցում են որոշ հոլովակերտներ։ Եզակի սեռական ու տրական հոլովներում հոլովակերտ մասնիկները՝ ն, ջ, նջ, հանդիպում են սահմանափակ թվով բառերում (օրինակ՝ այր - առն, տէր - տեառն, գիւղ - գեղջ, կին - կնոջ, տիւ - տուընջեան և այլն), տրականում՝ նաև ում (օրինակ՝ հին - հնում, նոր - նորում, աջ - աջում և այլն)։ Եզակի բացառականում հանդես է գալիս է հոլովակերտը, եզակի գործիականում՝ ւ, վ, բ հոլովակերտները։ Հոգնակի ուղղականում գործածվում է ք, սեռականում, տրականում ու բացառականում՝ ց, հայցականում՝ ս հոլովակերտը։ Հոգնակի գործիականում պահպանվում է եզակի գործիականի հոլովակերտը, որին ավելանում է ք։
Ներքին և արտաքին հոլովում
Ըստ հոլովիչների տեղադրման՝ բառերը երկու բնույթի փոփոխության են ենթարկվում՝ ներդրական ու վերջադրական։
Արտաքին կամ վերջադրական հոլովման դեպքում հոլովիչը բառին ավելանում է վերջից՝ առանց խախտելու նրա ամբողջականությունը, օրինակ՝ տիտան - տիտանայ, ծով - ծովու, արքայ - արքայի և այլն։
Ներքին կամ ներդրական հոլովման ժամանակ հոլովիչը հանդես է գալիս բառի կազմում՝ դրվելով արմատի, իսկ ածանցավոր բառերի դեպքում՝ ածանցի վերջին բաղաձայնից առաջ։ Օրինակ՝ դուստր - դստեր, աստղ - աստեղ, գագաթն - գագաթան, որդն - որդան և այլն։
Գրաբարն ունի վեց արտաքին (Ա, Ի, Ո, Ու, Ի-Ա, Ո-Ա) ու երեք ներքին (Ա, Ե, Ի-Ա) հոլովումներ։
Պարզ և խառը հոլովում
Գրաբարում բառի հոլովմանը կարող են մասնակցել մեկ կամ երկու հոլովիչներ։ Ըստ այդմ՝ առանձնացնում են պարզ և խառը հոլովումներ։
Պարզ հոլովումն արտահայտվում է մեկ հոլովիչով, որը հանդես է գալիս եզակի ու հոգնակի թվերի բոլոր թեք հոլովներում, օրինակ՝ շարժումն - եզ. սեռ. - շարժման, եզ. բաց. - ի շարժմանէ, եզ. գործ. - շարժմամբ, հոգն. սեռ. - շարժմանց, հոգն. բաց. - ի շարժմանց, հոգն. գործ. - շարժմամբք և այլն։
Խառը հոլովման ժամանակ բառի թեքմանը մասնակցում են երկու հոլովիչներ, որոնցից մեկը հանդես է գալիս եզակի թվի սեռական, տրական ու բացառական հոլովներում, երկրորդը՝ եզակի գործիականում ու հոգնակի թվի բոլոր թեք հոլովներում, օրինակ՝ անձն - եզ. սեռ. - անձին, (եզ. բաց. - յանձնէ), եզ. գործ. - անձամբ, հոգն. սեռ. - անձանց, հոգն. բաց. - յանձանց, հոգն. գործ. - անձամբք և այլն։
Գրաբարն ունի հինգ պարզ (Ա (Ա արտաքին և Ա ներքին), Ե, Ի, Ու, Ո) և երկու խառը (Ի-Ա (Ի-Ա արտաքին և Ի-Ա ներքին), Ո-Ա) հոլովումներ։



Խոնարհում

  
Գրաբարում բայն ունի երեք եղանակ՝ սահմանական, ստորադասական և հրամայական: Ըստ կազմության՝ գրաբարում բայի ժամանակները երկու խմբի են բաժանվում՝ պարզ և բաղադրյալ: Պարզ ժամանակները կազմվում են բայահիմքերից, որոնց ավելանում են համապատասխան դիմային վերջավորությունները: Իսկ բաղադրյալ ժամանակները կազմվում են անցյալ և ապառնի դերբայներով և հետևյալ օժանդակ բայերով՝եմ, լինիմ: Սահմանական եղանակի պարզ ժամանակներն են ներկան, անցյալ անկատարը, անցյալ կատարյալը, բաղադրյալ ժամանակներն են վաղակատար-հարակատար ներկան, վաղակատար-հարակատար անցյալը, բաղադրյալ ապառնին, անցյալ ապառնին: Բայի պարզ ժամանակաձևերը կազմվում են երկու տեսակի հիմքերից՝ ներկայի և անցյալ կատարյալի: Սահմանական եղանակի ներկա և անցյալ անկատար ժամանակները կազմվում են ներկայի հիմքից, իսկ անցյալ կատարյալ ժամանակը՝ անցյալ կատարյալի հիմքից: Բայի անորոշ դերբայի դերբայական մասնիկը հեռացնելու դեպքում կստանանք նրա ներկայի հիմքը: Հետևաբար ներկայի հիմքն առանց դերբայական մասնիկի անորոշ դերբայն է: Ներկայի հիմքն իր մեջ ընդգրկում է նաև բայական սոսկածանցները, օրինակ՝ մերձենալ-մերձեն, զարմանալ-զարման, առնուլ-առն և այլն: Տվյալ ժամանակի դիմավոր ձևերը ստանալու համար հիմքերին անհրաժեշտ է հավելել համապատասխան խոնարհիչներով վերջավորությունները: Սահմանական եղանակի ներկա ժամանակի կազմությունը ա լծորդության բայերի համար հետևյալն է՝
Դեմք Եզակի թիվ Հոգնակի թիվ
1-ին -ամ -ամք
2-րդ -աս -այք
3-րդ -այ -ան
Նույն վերջավորությունները ծառայում են ինչպես ներգործաձև, այնպես էլ կրավորաձև խոնարհումների համար: Սահմանական եղանակի ներկա ժամանակի կազմությունը ե լծորդության բայերի համար հետևյալն է՝
Դեմք Եզակի թիվ Հոգնակի թիվ
1-ին -եմ -եմք
2-րդ -ես -էք
3-րդ -են
Ե խոնարհման պատկանող բայերը ներկա ժամանակում կարող են ստանալ ինչպես ներգործաձև, այնպես էլ կրավորաձև տիպի վերջավորություններ: Առաջին տիպի վերջավորություններ ստանում են ե խոնարհման բոլոր բայերը, նշանակություն չունի, թե ինչ սեռի են պատկանում: Երբ ե խոնարհման ներգործական սեռի բայերը փոխում են իրենց սեռը և ստանում են կրավորական սեռի նշանակություն, վերջնավանկի ե և է ձայնավորները փոխվում են ի-ի, ինչպես՝ երգեմ-երգիմ, գործեմ-գործիմ և այլն: Սահմանական եղանակի ներկա ժամանակի կազմությունը ի լծորդության բայերի համար հետևյալն է՝
Դեմք Եզակի թիվ Հոգնակի թիվ
1-ին -իմ -իմք
2-րդ -իս -իք
3-րդ -ին
Ի խոնարհման պատկանող բոլոր բայերը խոնարհվում են կրավորաձև անկախ սեռից, ստանում են վերոհիշյալ վերջավորությունները: Սահմանական եղանակի ներկա ժամանակի կազմությունը ու լծորդության բայերի համար հետևյալն է՝
Դեմք Եզակի թիվ Հոգնակի թիվ
1-ին -ում -ումք
2-րդ -ուս -ուք
3-րդ -ու -ուն
Ներգործական սեռի բայերը նույն վերջավորություններով կարող են արտահայտել նաև կրավորական սեռի նշանակություն: Գրաբարի ներկա ժամանակն իմաստով համապատասխանում է արդի հայերենի սահմանական եղանակի ներկա ժամանակին, օրինակ՝ Սուտ խօսիս դու-Դու սուտ ես խոսում, ասեմ-ասում եմ, իջանեմ-իջնում եմ և այլն: Բացի արդի հայերենի ներկա ժամանակին համապատասխանելուց՝ կարող է համապատասխանել նաև արդի հայերենի ըղձական և պայմանական եղանակների ապառնի ժամանակին, օրինակ՝ Յորժամ գրես, կարդայցեմք-Երբ գրես, կկարդանք, գտանեմ-գտնեմ, կգտնեմ, հասանեմ-հասնեմ, կհասնեմ և այլն: Սահմանական եղանակի անցյալ անկատար ժամանակի կազմության պատկերը բոլոր չորս լծորդությունների համար հետևյալն է՝
Դեմք Ա Ե Ի ՈՒ
1-ին -այի, -այաք -էի, -էիր -էի, -էաք -ում, -ումք
2-րդ -այիր, -այիք -էիր, -էիք -էիր, -էիք -ուս, -ուք
3-րդ -այր, -ային -էր, -էին -էր, -էին -ու,-ուն
Ներգործաձև և կրավորաձև առանձին վերջավորություններ չկան, դրանք ընդհանուր են բոլոր սեռերի համար:
Անցյալ անկատար ժամանակն իմաստով նախ և առաջ համապատասխանում է արդի հայերենի սահմանական եղանակի անցյալ անկատարին, օրինակ՝Կամէին սպանանել զԱրտաշէս արքայ- Կամենում էին սպանել Արտաշես արքային, ջանայի-ջանում էի, մերձենայի-մերձենում էի և այլն: Սակայն անցյալ անկատարը կարող է գործածվել նաև պատմական ժամանակի իմաստով: Սա աշխարհաբար թարգմանվում է անցյալ կատարյալ կամ ներկա ժամանակներով, ինչպես՝մեռանէի-մեռավ կամ մեռնում է, խորհէի-խորհեց կամ խորհում է և այլն: Դա կարելի է տեսնել նաև հետևյալ նախադասության մեջ՝ Եւ ինքն խաղայր անդէն գնայր յերկիրն Արևելից /Եղիշե/, կարելի է թարգմանել՝ խաղայր-ճանապարհ է ընկնում, գնայր- գնում է:Անցյալ անկատար ժամանակը կարող է թարգմանվել նաև ըղձական և պայմանական եղանակների անցյալ ժամանակով, օրինակ՝ողբայր-ողբար, կողբար, գթայիր-գթար, կգթար և այլն: Հ. Ավետիսյանը, Ռ. Ղազարյանը բերում են այսպիսի նախադասության օրինակ՝Նոյնպէս և վիշապն ոչ մի անգամ օձաձև երևէր, և միւս անգամ մարդակերպ /Եզնիկ/-Այսպես էլ վիշապը մի անգամ օձաձև չէր երևա, մի այլ անգամ՝ մարդակերպ:
Ներկայի և անցյալ անկատարի մ, ս, յ, մք, յք, ն վերջավորությունները հնդեվրոպական ծագում ունեն: Միայն հոգնակի 1-ին և 2-րդ դեմքերի ք-ն հայկական կազմություն է, որը մենք տեսնում ենք նաև հոլովման համակարգում: Հետագայում սահմանական եղանակի ներկան և անցյալ անկատարը վերածվեցին ըղձական եղանակի ապառնի և անցյալի ապառնի ժամանակների: Դեռ 5-րդ դարում անցյալ անկատարը շատ դեպքերում կիրառվում էր որպես ըղձական անցյալ: Այս երևույթը տարածվեց նաև ներկա ժամանակի վրա՝ ավարտին հասնելով 12-րդ դարում: Նույն շրջանում սահմանական եղանակի ներկա և անցյալ անկատար ժամանակների համար ստեղծվեց կու եղանակիչը, որը հավելվեց գրաբարյան ներկային և անցյալ անկատարին՝ստեղծելով, օրինակ, կու երգեմ, կու երգէի ձևերը: Միջին հայերենն ունի հինգ եղանակ՝ ի տարբերություն գրաբարի՝ սահմանական, հրամայական, ըղձական, պայմանական, հարկադրական: Կոյ, կու, կը, կ´ եղանակիչը միջին հայերենում արտահայտում էր նաև պայմանական եղանակի ապառնի և անցյալի ապառնի ժամանակների իմաստ, ինչը տարածվեց նաև հայերենի բարբառներում: Հետագայում արևմտյան բարբառախումբը ձևավորեց պիտի ձևով ապառնի, իսկ արևելյան բարբառախումբը ստեղծեց ում-ով դերբայ սահմանական եղանակի համար: Թեև նշվում է, որ ում-ով ներկա 12-14-րդ դդ. չկա, սակայն կան պահպանված աղբյուրներ, օրինակ՝ Հերացի՝ մաշում լինի, Վ. Արևելցի՝ աղօթք են առնում /13-րդ դար/:
Սահմանական եղանակի անցյալ կատարյալ ժամանակը կազմվում է անցյալ կատարյալի հիմքից: Ըստ կազմության՝ անցյալ կատարյալի հիմքը լինում է պարզ կամ արմատական և բաղադրյալ կամ ցոյական: Հայերենի անցյալ կատարյալի հիմքը և´ պահպանել է հնդեվրոպական լեզուներում այդ հիմքին բնորոշ գծեր, և´ հեռացել նրանցից:
Ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ, ինչի արդյունքում դժվար է նմանություն տեսնել նրանց միջև: Հնդեվրոպական լեզուների անցյալի հիմքի հատկությունները պահպանվել են պարզ կամ արմատական հիմքերի մեջ՝ թողուլ-թող, հատանել-հատ և այլն, իսկ բաղադրյալ հիմքերը տարբերվում են հնդեվրոպական լեզուների բայերի անցյալի հիմքից, լինում են ցոյական կամ ի բաղադրիչ ունեցող՝կարդալ-կարդաց, զարթնուլ-զարթի և այլն: Եթե պարզ կամ արմատական հիմքը համընկնում է բայարմատին, ապա բաղադրյալ կամ ցոյական հիմքը կարող է կազմված լինել բայարմատից և աց ածանցից /ա լծորդության պարզ և ան ածանցավոր բայեր/, բայարմատից և եաց ածանցից /ե լծորդության պարզ և բազմապատկական, ի լծորդության պարզ և ա լծորդության են ածանցավոր բայեր/, բայարմատից կամ կատարյալի ցոյական հիմքից և ոյց ածանցից /պատճառական բայեր/: Ինչպես լեզվի վերաբերյալ շատ հարցերում, այնպես էլ այս դեպքում կան բացառություններ:
Անցյալ կատարյալի հիմքից կազմվող ժամանակներում բայերը խոնարհվում են երեք տեսակի վերջավորություններով՝ ներգործաձև, կրավորաձև և խառը: Հետևաբար բայն ունի երեք տիպի խոնարհում: Յուրաքանչյուր խոնարհման համար առանձնացվում են բայերի համապատասխան խմբեր:
Անցյալ կատարյալի հիմքից կազմվող ժամանակներում բայերը խոնարհվում են երեք տեսակի վերջավորություններով՝ ներգործաձև, կրավորաձև և խառը: Հետևաբար բայն ունի երեք տիպի խոնարհում: Յուրաքանչյուր խոնարհման համար առանձնացվում են բայերի համապատասխան խմբեր: Ստորև ներկայացնում ենք սահմանական եղանակի անցյալ կատարյալ ժամանակի կազմության պատկերը՝
Դեմք Ներգործաձև Կրավորաձև Խառը
1-ին -ի, -աք -այ, -աք -եայ, -եաք
2-րդ -եր,-էք /իք/ -ար,-այք/-արուք -եար,-եայք
3-րդ -, -ին -ան -եաւ,-եան
Երբ անցյալ կատարյալի հիմքին ավելանում են վերջավորությունները, հիմքի վանկի շեշտը տեղափոխվում է վերջավորության ձայնավորի վրա, որի արդյունքում կատարյալի հիմքի վերջին վանկի ձայնավորը կամ երկբարբառը հնչյունափոխության է ենթարկվում, ինչպես՝ գրեաց+ի=գրեցի, մուտ+ի=մտի և այլն: Գրաբարի սահմանական եղանակի անցյալ կատարյալ ժամանակն իմաստով համապատասխանում է արդի հայերենի անցյալ կատարյալին, հետևաբար թարգմանվում է համապատասխան ժամանակաձևով, ինչպես՝ հեռացայ-հեռացա, նայեցար-նայեցիր, զարթեան-զարթնեցին և այլն:

Գրաբարով ստեղծված 5-րդ դարի նշանավոր երկերը

5-րդ դարի գրականությամբ վավերացվեց հայ պետականության ավելի քան վեց հարյուր տարվա ընթացքում հղկված հայերենը, որը կատարելագործվելով՝ դարեր շարունակ օգտագործվեց որպես համաժողովրդական լեզու, որով գրվեցին պատմական, փիլիսոփայական, գիտական, գեղարվեստական բազմաթիվ երկեր։ Այն լեզուն, որը գրավոր դարձավ 5-րդ դարում, հետագայում կոչվեց գրաբար։
5-րդ դարի հայ գրականության ամենանշանավոր դեմքերն են եղել Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը ու նրանց առաջին աշակերտները՝ Եզնիկ Կողբացին ու Կորյունը։ Նրանց երկերով է սկզբնավորվում հայ դպրությունը։
Սահակ Պարթևի անունով պահպանված են գլխավորապես կանոնական գործեր, որոնց մեջ շարադրված է եկեղեցու պաշտոնյաների պարտականությունները։ Սահակ Պարթևի անունով մնացել են նաև երկու թղթեր և մի քանի երգեր։
Մեսրոպ Մաշտոցի երկերից պահպանված է ճառերի մի ժողովածու՝ «Յաճախապատում ճառք» վերնագրով, որը վերագրվել է Գրիգոր Լուսավորիչին։ Այս ժողովածուից բացի, Մեսրոպ Մաշտոցի անունով մնում են նաև մի շարք հոգևոր երգեր։
Եզնիկ Կողբացին 5-րդ դարի ամենանշանավոր մատենագիրներից է։ Նրա անունով մեզ է հասել «Եղծ աղանդոց» նշանավոր երկը, որի մեջ հեղինակը հենվելով Աստվածաշնչի և կուռ տրամաբանության վրա հերքում է ժամանակի աղանդները։
Կորյունի անունով մեզ հասել է «Վարք Մաշտոցի» աշխատությունը, որը գրված է 5-րդ դարի քառասունական թվականներին։ Դա պատմական մեծ արժեք ունեցող երկ է, որի մեջ ներկայացված են գրերի ստեղծման հանգամանքները։
5-րդ դարի հայ գրականության մեջ բացառիկ նշանակություն ունեն նաև պատմական մի շարք այլ գործեր։ Այդ երկերից ժամանակագրական առումով առաջինը համարվում է Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց» աշխատությունը, որը բաղկացած է երեք մասից։
Հայ ժողովրդի ամբողջական պատմություն գրելու փորձ արել է Փավստոս Բուզանդը։ Նրա Պատմությունը բաժանվում է դպրությունների, որոնցից մեզ հասել են Գ-Զ դպրությունները։ Բուզանդի «Պատմութիւն Հայոց» գրքի մեզ հասած հատվածները ընդգրկում են մոտ հիսուն տարվա պատմություն՝ 4-րդ դարի երեսնական թվականներից մինչև ութսունական թվականները։
5-րդ դարի հայ ամենաականավոր պատմագիրը եղել է Մովսես Խորենացին, որը մեծ համարում է ունեցել ինչպես հայ, այնպես էլ հարևան երկրների պատմագիրների մեջ։ Նրա անունով մեզ հասել են մի շարք երկեր, որոնց մեջ ամենանշանավորը «Պատմութիւն Հայոց» գիրքն է, որն իր գիտականությամբ, կուռ կառուցվածքով և քաղաքական նպատակասլացությամբ շատ բարձր է և չի կարելի համեմատել միջնադարի մյուս պատմագիրների երկերի հետ։ Մովսես Խորենացին իր Պատմությունը գրում է Սահակ Բագրատունու հանձնարարությամբ։ Խորենացին գրավոր աղբյուրներ օգտագործելու հետ միասին մեծ չափով օգտվել է նար ժողովրդական բանահյուսությունից։ Պատմության մեջ շարադրված է հայ ժողովրդի պատմությունը՝ իր կազմավորման ժամանակաշրջանից մինչև Արշակունիների թագավորության անկումը։
Հայ պատմագրության ամենապայծառ դեմքերից է եղել Եղիշեն, որի անունով մեզ հասել են մի շարք աշխատություններ, որոնց մեջ ամենարժեքավորը «Պատմութիւն Վարդանանց» գիրքն է, որը իր մի շարք դրական հատկություններով կարելի է համեմատել Մովսես Խորենացու Պատմության հետ։
5-րդ դարի հայ պատմիչների վերջին ներկայացուցիչը եղել է Ղազար Փարպեցին, որից մեզ են հասել թղթեր և Պատմութիւն Հայոց աշխատությունը։
5-րդ դարի գրականությունը հարուստ է նաև թարգմանական գործերով. Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, նրանց ավագ աշակերտները՝ Հովնան Եկեղյացին, Հովսեփ Պաղնացին, Եզնիկ Կողբացին, Կորյունը, Մուշեն, Աբրահամ Խոստովանողը կամ Զենեկացին և այլոք, որոնց մասին տեղեկություններ չկան, թարգմանական մեծ աշխատանք են ծավալել։






















No comments:

Post a Comment